տուն Լուրեր Ապրանքի փոխարեն գումարն է պահանջում. «Դիակոնիայի» պարզաբանումը

Ապրանքի փոխարեն գումարն է պահանջում. «Դիակոնիայի» պարզաբանումը

123
0

դիակոնիա

Քաղաքացի Գառնիկ Հակոբյանը դիմել է Araratnews.am-ի խմբագրություն՝  դժգոհելով «Դիակոնիա»  կազմակերպությունից:

Գառնիկ Հակոբյանի ոտքերը մինչեւ ծնկները 2011-ին անդամահատել են: Վիրահատությունից մեկ տարի անց տեղեկացել է «Դիակոնիա» բարեգործական  կազմակերպության մասին: «Դիմեցի, քանի որ օգնության կարիք ունեի: Կազմակերպությունը նկարահանեց, թե ինչ վիճակում եմ, ու այդ ամենն ուղարկեց արտասահման՝ օգնության ակնկալիքով»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին:

Գառնիկ Հակոբյանը որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ իր հաշվին «Դիակոնիա» կազմակերպությանը արտասահմանից գումար են փոխանցել: Հանդիպել է «Դիակոնիայի» աշխատակից Արմինեի հետ, որի հետ համաձայնություն են ձեռք բերել Գերմանիայից իր համար պրոթեզ պատվիրելու: Մինչ պրոթեզի հասնելը Գեղամ Հակոբյանին պրոթեզարանի  բժիշկներից մեկը, որին նա հանդիպել է «Դիակոնիայի» աշխատակցի հետ, խորհուրդ է տվել նորից վիրահատվել, քանի որ  անդամահատված տեղում  կպումներ կան:  «Հանրապետական հիվանդանոցի բժշկին ասացի, որ ես պետպատվերով պիտի  վիրահատվեմ: Խնդրեցի՝ գործը լավ անի, որ ցավեր չունենամ: Վիրահատությունն անցկացվեց անցյալ տարի: Բայց  վիրահատությունից հետո զգացի՝ ոտքերս չեմ զգում, ոսկորներս ցավում են: Որոշ ժամանակ անց ինձ դուրս գրեցին, բայց մինչեւ հիմա ցավեր ունեմ»:

Անհաջող վիրահատությունից հետո Գեղամ Հակոբյանը զանգահարել է «Դիակոնիա»՝ օգնության խնդրանքով: Սակայն նրան ասել են՝ գումարով չեն կարող օգնել, բայց կարող են տնտեսական ապրանքներ  տալ: «Խնդրեցի ինձ կահույք տալ, որ վաճառեմ, իսկ մնացած ապրանքները պահեմ տան համար: Երբ ապրանքները բերում էին, զանգեցի քրոջս տղային, որ ապրանքներն ընդունի: Կահույքը ստացա, բայց մյուս ապրանքները, որոնք երկրորդ հերթափոխով բերեցին, հետ տարան: Զանգահարեցի՝ հասկանալու, թե ինչ է եղել: Պատասխան չստացա: Գնացի «Դիակոնիա», հանդիպեցի Հրանտին ասացի՝ ապրանքը չեն տալիս, պատճառաբանելով, որ խմած եմ եղել: Հրանտն էլ ասաց, որ դա կապ չունի: Իմ ապրանքն է, պետք է տան: Հրանտը զանգահարեց  «Դիակոնիայի»  իրավաբանին, որից հետո Հրանտն ասաց՝ ինչ տվել են, պետք է բավարարվեմ: Հետ վերադարձա տուն:  Զանգեցի կազմակերպության իրավաբանին եւ  պահանջեցի՝ իմ հաշվին փոխանցած գումարներն ինձ տալ: Ասացին՝ մեկ ամիս անց զանգի: Զանգեցի, դարձյալ ինձ խաբեցին՝ հստակ պատասխան չտվեցին: Հետո կապ հաստատեցի իրավաբանի հետ, որն ինձ առաջարկեց  որոշ գումարի դիմաց ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ տան մնացած ապրանքները ստացել եմ: Ես զայրացա ու, անկեղծ ասած, հայհոյեցի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Գառնիկ Հակոբյանը պահանջում է «Դիակոնիա» կազմակերպությունից իրեն տալ արտասահմանից իր համար փոխանցված գումարները: Նրանք ասում են՝ կամ 300.000 գումարը վերցրու կամ ապրանքներից որեւէ մեկը: «Ես չեմ համաձայնել, քանի որ ինձ հասանելի ամբողջ գումարը յուրացրել են: Ինձ մի փոքր բան են ուզում տալ, որ ես ստորագրեմ, բայց ես չեմ ստորագրի»,- ասաց Գառնիկ Հակոբյանը:

Կապ հաստատեցինք նաև «Դիակոնիա» կազմակերպության փոխտնօրեն Աննա Ջամբազյանի հետ: Նա հիշեցրեց, որ «Դիակոնիա» կազմակերպությունը լուրջ գործունեություն է ծավալում, եւ որեւէ մեկը չի կարող առանց հիմնավորման իրենց հիմնադրամի մասին խոսքեր ասել:

Աննա Ջամբազյանի պարզաբանմամբ` կազմակերպության ներկայացուցիչները  Գառնիկ Հակոբյանին սթափ վիճակում  չեն տեսել, որ ստորագրել տալ նրան առնչվող բոլոր հաշվապահական փաստաթղթերը: «Մենք նրան երբեք սթափ վիճակում չենք հանդիպել, այդ պատճառով ապրանքների մյուս մասը՝ սառնարանը, օդորակիչը, լվացքի մեքենան, հետ ենք տարել:  Մենք  առաջարկել ենք  Գառնիկ Հակոբյանին գալ հիմնադրամ, որ ներկայացնենք նրան բոլոր ծախսերը, փաստաթղթերը, այն, ինչ իրեն է պատկանում, բայց նա չի գալիս»,- ասաց կազմակերպության փոխտնօրենը:

Աննա Ջամբազյանը հերքեց նաև Գառնիկ Հակոբյանի այն խոսքերը, թե իբր արտասահմանից նրա հաշվին մեծ գումարներ են փոխանցել: Հերքեց նաև Գերմանիայից պրոթեզ պատվիրելու մասին հավաստիացումները:

Թե ինչքան է Գառնիկ Հակոբյանի հասանելիքը կազմակերպությունից, Աննա Ջամբազյանը չասաց, քանի որ այդ բոլոր տվյալները միայն Գառնիկը կարող է իմանալ: «Գառնիկ Հակոբյանը պետք է գտնի մի բարեկամի, որը կգա ու մեզ հետ կկնքի նվիրատվության պայմանագիր: Գառնիկի անունով չենք կարող գործարք անել, քանի որ նա մի անգամ եկավ մեզ մոտ  ու ապրանքների փոխարեն  գումար պահանջեց»,- հարցի լուծման այս տարբերակն առաջ քաշեց «Դիակոնիայի» փոխտնօրենը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ