Հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենք քաղեցինք մոլախոտը
1991 թվականին Երեւանի Հանրապետության հրապարակում ապամոնտաժվեց Լենինի արձանը: Անկախությունից հետո Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը, ով անձամբ էր մասնակցում այս գործընթացին, այն ժամանակ հայտարարեց բառացիորեն հետեւյալը` մենք քաղեցինք մոլախոտը:
Ղարաբաղ կոմիտեի անդամ, ազգագրագետ-հեղափոխական Համբոն շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում անցյալի սիմվոլների վերացումը, նորը կառուցելը հանրային մտածողություն` մենտալիտետ փոխելու տեսանկյունից:
Նրանց, ովքեր բոլշեւիզմի եւ ունեզրկման մասին են խոսում մեր մանկության հիշողությունները աղճատած Օպերայի սրճարանների ապամոնտաժումը նկարագրելիս, ուզում եմ շատ կոնկրետ եւ ուղիղ պատասխան տալ` «մենք սկսել ենք քաղել մոլախոտը» եւ դա շարունակելու ենք անել շատ ուղղություններով:
Իսկ տարիներ շարունակ ապօրինաբար հանրային տարածքներ յուրացրած տիկիններին ու պարոններին թող սա շատ կոնկրետ ուղերձ լինի, Երեւանն այլեւս տեր ունի` հանրային գերակա շահի իրական ընկալումով»: