Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենսաբան Գագիկ Կարապետյանը և Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ապրանքնագիտության ամբիոնի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդուհի Մելիքյանը խոսեցին ալյուրի ֆոլաթթվով հարստացման և դրա վտանգավոր հետևանքների մասին:
Վարդուհի Մելիքյանը ընդգծեց, որ բազմաթիվ սննդամթերքներ, որոնք մենք օգտագործում ենք առօրյա սննդակարգում հարուստ են երկաթով, որոնք ունակ են լրացնելու օրգանիզմին անհրաժեշտ երկաթի քանակը:
«Ես խորհուրդ կտայի առողջապահության նախարարությանը հասկանալ, թե մեր մթերքներում որքան է պակաս ֆոլաթթվի քանակը, որը պետք է լրացվի հացի համար: Լավ կլիներ, որ Առողջապահության նախարարությունը մի հացի մեջ փորձարկեր ֆոլաթթվով հարուստ ալյուրը և տեսներ, թե ինչ փոփոխության է ենթարկվում հացը, ինչպես է փոխվում հացի որակը: Այս բոլոր փորձարկումների հետո նոր միայն կարելի կլիներ հասկանալ արդյոք այն անհրաժեշտ է մարդուն»,-նշեց բանախոսը:
Կենսաբան Գագիկ Կարապետյանը նշեց, որ ֆոլաթթուն կարող է չարորակ անիմիայի պատճառ դառնալ, որը շատ վտանգավոր է: «Մի շարք երկրներում համապատասխան եզրակացության համաձայնˋչկան բավարար ապացույցներ պնդելու, որ ֆոլաթթուն քաղցկեղ է առաջացնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆոլաթթվիˋ քաղցկեղ առաջացնելու գործոնը ևս անժխտելի է: Սա ինքնին նշանակում է, որ ֆոլաթթուն քաղցկեղ է առաջացնում»,-նշեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց, որ քաղցկեղի դեմ պայքարի համար նախատեսված պրոցեդուրաների մեջ մեծ դեր է հատկացված ֆոլաթթվի քանակն իջեցնող պրեպարատներին, ինչը նշանակում է, որ ֆոլաթթվի քանակի բարձրացումն օրգանիզմում հանգեցնում է քաղցկեղի: