ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անցկացման կազմկոմիտեում նախատեսում են մարդկանց թվի ռեկորդ սահմանել, ովքեր կգան Վաշինգտոնի կենտրոնական բուլվար, որը ձգվում է Կապիտոլիումի բլրից մինչև Սպիտակ տուն և Լինքոլնի հուշահամալիր` մասնակցելու տոնական միջոցառումներին: 2009-ին Օբամայի պաշտոնը ստանձնելու ժամանակ այդտեղ էին եկել 1,8 մլն մարդ: Սակայն այս տարի Թրամփի կողմնակիցները ակնկալում են, որ արարողությանը կհավաքվեն մինչև 3 մլն մարդ: Մինչդեռ իրավապահ գերատեսչություններն ու ծառայությունները, ովքեր պատասխանատու են երդմնակալության միջոցառումների համար, ավելի համեստ գնահատականներ են սպասում` 800-900 հազար մարդու:
Վաշինգտոնի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ երդմնակալության ընթացքում հասարակական կարգի պահպանման համար լրացուցիչ կներգրավվեն 3 հազար ոստիկաններ: Բացի այդ, քաղաք կժամանի ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 5 հազար մարտիկ:
Ընդհանուր առմամբ, չկա որևէ ծառայություն, որ ներգրավված չլինի Թրամփի երդմնակալության օրը անվատնության ապահովման մեջ: Իշխանությունները անհանգստանալու պատճառներ ունեն: Բացի պահպանվող ահաբեկչական սպառնալիքից, իշխանությունները մտավախություն ունեն DisruptJ20 հասարակական միավորման ակտիվիստների գործողություններից, ովքեր հայտարարել են երդմնակալության արարողությունը տապալելու մասին: Նրանց ներկայացուցչի խոսքով` իրենք պատրաստվում են կաթվածահար անել Կապիտոլիումի բլրի շուրջը և Փենսիլվանիա ավենյուով շքերթի երթուղու երկայնքով տեղակայված 12 հսկիչ-անցագրային կետերի աշխատանքը: