Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ արդյոք ազգային անվտանգության խորհուրդը զբաղվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսին արած հայտարարության ուղղությամբ, որ Արցախում կան ուժեր, որոնք պատերազմ են ուզում հրահրել։
Գրիգորյանը նշեց, որ հայտարարության մասով նոր բան չի կարող ասել․ «Բնականաբար, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք նման ուղղությամբ զարգացումները։ Բանակը և անվտանգության ուժերը ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրած ցանկացած առաջադրանք կատարելու։ Կարծում եմ՝ այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»։
Ինչ վերաբերում է դավադիր ուժերին․ «Դրա մասին հրապարակային ինչ խոսվել է՝ այդքանն ենք կարողանում խոսել, դրանից ավելին չենք կարող ասել»,- ասաց նա։
Իսկ արդյոք քայլեր ձեռնարկո՞ւմ են այդ ուժերին հայտնաբերելու համար, Գրիգորյանը պնդեց, որ անվանգության կառույցները դրանով զբաղվում են։
Հարցին՝ Վիտալի Բալասանյանն այդ ուժերի մեջ մտնո՞ւմ է, ԱԽՔ քարտուղարը նշեց, որ հրապարակվածից ավելին չի կարող ասել։