12 անուն 12 խորհուրդ պարունակող նոր ժողովածու՝ «Մոյրաների նոթատետրից»: Գրքի հեղինակը Անուշ Ասլիբեկյանն է, որն այսօր իր ժողովածուն ներկայացեց լրագրողներին՝ հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Իմ առաջին գրքում ես հանդես էի գալիս որպես գրող, որը նայում է իր ներսն ու նայում ներսի աչքերով: Հիմա արդեն իմ երկրորդ գրքում ես հանդես եմ գալիս որպես հասուն գրող և նայում եմ աշխարհին արդեն ինձանից դուրս, ավելի լայն աշխարհայացքով: Գրքիս խմբագիրն է Դավիթ Մուրադյանը, որը մեծ պատիվ է ինձ համար: Գիրքը հրատարակվել է Ապոլոն հրատարակչությունում: Գրքում տպագրված է 11 պատմվածք և մի փոքրիկ վիպակ: 12 տարբեր ստեղծագործություններ, որոնցում պատմվում է մեկ ճակատագրի մասին: Սա գրքի մի յուրահատկությունն է, մյուս յուրահատկությունն էլ այն է, որ բոլոր 12 ստեղծագործությունները վերնագրված են հերոսների անուններով»,- այսպես ներկայացրեց գրող Անուշ Ասլիբեկյանը իր երկրորդ հրատարակված գիրքը:
Մշակույթի նախարարության գրատպության բաժնի ղեկավար Արմեն Ավանեսյանը ներկայացրեց Անուշի գրական աճը և «Մոյրաների նոթատետրից» ժողովածուի մասին իր կարծիքը. «Անուշի առաջին գրքում պատումները միատոն են: Հիմա Անուշը լուրջ հայտ է ներկայացնում հայ արձակի մեջ: Թեմաները շատ բազմազան են՝ ընտանիք, հայրենիք, ազատություն, սակայն այդ ամենը ներկայացված է Անուշի յուրահատկությամբ ու ասելիքով: Նկատենք, որ Անուշի մանկությունը ևս տեղ է գտել իր հեղինակած գրքում»:
Կենսագրական տվյալներից գրողը ներկայացրեց, որ իր ժողովածուի հերոսները կենդանի մարդիկ են և հենց իրենցից է կերտել իր գրքի կերպարներին: Գրականագետ Անի Փաշինյանը ներկայացրեց գրքի գրական արժեքը և այն վարպետությունը, ըստ որի՝ Անուշը կարողանում է կապ հաստատել իր և ընթերցողի միջև. «Անուշի գիրքը հերոսների ցուցասրահ է: Սա նոր ասելիք է հայ հասարակությանը: Իսկ ընթերցողին գրավելու համար նոր խոսք է պետք ունենալ: Այստեղ տեղ են գտել բոլոր գործըթացները լսելու, տեսնելու, ներկայացնելու, զգալու, տալու և ճակատագիր որոշելու: Ի վերջո այս ստեղծագործությամբ բերվում է բազմաթիվ ճակատագրեր»:
Անուշ Ասլիբեկյանը ներկայացրեց, որ վաղը ժամը 20:00-ին տեղի կունենա «Մոյրաների նոթատետրից» գրքի շնորհանդեսը՝ Տիկնիկային թատրոնի ճեմասրահում: Շնորհանդեսին ներկա են գտնվելու նաև երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, InRock դասական կվինտետը և Վահան Արծրունին: Մուտքն ազատ է: