Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում: Մինչ նախագիծը ԱԺ ներկայացնելը, կազմակերպվելու են հանրային քննարկումներ, ներկայացվելու է խնդիրը, լուծման տարբերակները ու, իհարկե, ընդունվելու են առաջարկներ բոլոր շահագրգիռ կողմերից:
Նշենք, որ առաջին քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության, ԿՀԻԿ հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ:
Քննարկմանը ներկա էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա նշեց. «Նպատակը մեկն է` սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող բոլոր միջոցները ծախսվեն հասցեական և նպատակային»: Նրա խոսքով` բյուջեից տարեկան շուրջ 30 տոկոս հատկացվում է այս ոլորտին, հետևաբար պետք է այս միջոցները նպատակային ծախսվեն, արդյունքում կլուծվեն ավելի շատ խնդիրներ, քան լուծում են, և ծախսաարդյունաբերությունն էլ կբարձրանա:
Արտեմ Ասատրյանի խոսքով` վերջին տարիների օրենսդրական նախաձեռնություններ են եղել` չաշխատող կանանց ևս նպաստ վճարել, որը ենթադրում է լրացուցիչ 16 մլրդ դրամի ծախս, ուստի պետք է հասկանալ` ոլորտի ծախսերի ծախսաարդյունաբերությունը պետք է բարձրացնել: Հնարավոր չէ սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն ավելացնել. 30 տոկոսն ուղղված է այդ ոլորտի ծախսերին ու համախառն ներքին արդյունքի մեջ բավական պատկառելի կշիռ է կազմում, այսինքն` խնդիրն այդ միջոցներն ավելի արդյունավետ ծախսելուն է վերաբերում:
Լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը խոսեց այն մասին, թե ինչքանով այս օրենքն ընդունելի կլինի քաղաքացիների կողմից:
Araratnews.am-ի հարցին, թե տեղյա՞կ է, որ աշխատող կանայք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել և այդ դեպքում, որն է լինելու իրենց անելիքը, նախարարն ասաց.
«Ես կարծում եմ, որ, եթե կան առաջարկություններ՝ ճիշտ ճանապարհը քննարկումներն են: Քանի որ մենք նախատեսել ենք հանրային քննարկումներ, ցանկացած առաջարկություն, որ բխում է մեր նպատակներից, քաղաքացիների շահերից՝ կքննարկվեն, և դրանց շրջանակում կընդունվեն որոշումներ: Քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ Կառավարությունը, պատրաստ է քննարկումների, ես կարծում եմ, որ անտրամաբանական է առաջարկություններ չներկայացնելով՝ բողոքել ինչ-որ մի երևույթի դեմ»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Մեր այն դիտարկմանը, որ հղի կանայք անընդունելի կհամարեն, իրենց հաշվին, չաշխատող կանանց նպաստ տալ, նախարարն ասաց.
«Առաջարկների դեպքում մենք պատրաստ ենք լիարժեք քննարկումների, դրանց շուրջ մասնագետները ևս աշխատանք կտանեն: Եթե մենք ընդունենք օրենքներ, որոնց քննարկումների փուլում առաջարկություններ չեն լինում, միայն ընդունումից հետո են բողոքներ սկսվում, դա անընդունելի է»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարության տվյալներով` աշխատող կանանց տրվող գումարի չափը աճել է շուրջ 4 անգամ ու կազմում է 12 մլրդ. դրամ, այս թիվը 100 տոկոսով փոխհատուցման պարագայում մինչև 2025թ-ը կկազմի 30 մլրդ դրամ, ինչը բեռ է պետության համար:
Շողիկ Գալստյան