տուն Լուրեր Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին

Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին

586
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝  դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։

Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից,  իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Այս գործով ամբաստանյալ Պետրոս  Իսրայելյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։

Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է  նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։

Նյութի աղբյուրը՝ news.am