ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները:
«Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, համույթներ, անձեր, մինչեւ վերջին դրամը, փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել: Դրա մասին էի Ձեզ ուզում ասել: Ուզում էի ասել այն հպարտության մասին, որը ես ապրեցի եւ զգացի, թե ինչ նշանակություն եք Դուք տալիս դասական երաժշտությանը: Որքան ժամանակ հատկացրեցիք, կազմակերպություն եք ստեղծել։ Սա էլ հեղափոխություն է»,-ասել է Վլադիլեն Բալյանը՝ հավելելով, որ դասական երաժշտությանն աջակցելու ոլորտում ի դեմս վարչապետի տիկնոջ տեսնում է զինակցի: