ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան ավելի քան 700 երեխաների համար ամառային արձակուրդի շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը: Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել են «Հաղթանակ» զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև եղել «Տաշիր պիցցայում» և «Պոնչիկանոցում»։
Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3 միլիոն 600 հազար դրամ։