տուն Մամուլ «Անմեսիջ» զորավարժություններ՝ «ենթագիտակցական» վանկարկումներով

«Անմեսիջ» զորավարժություններ՝ «ենթագիտակցական» վանկարկումներով

95
0

hraparak5

Երեկ առավոտյան տեղակատվություն տարածվեց, թե ոստիկանությունը ձեռք է բերել հատուկ գաղտնալսող սարքեր, որոնք փորձարկվել են սեպտեմբերի 13-ին Արզնիում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները: Ահարոնյանն ասաց. «Ոստիկանության գործունեության մեջ կան բաներ, որոնք օրենքով հրապարակման ենթակա չեն», եւ, փաստորեն, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկությունը:

Մեր ճշտող հարցին, թե գուցե սխալ ինֆորմացիա է եւ իրականությանը չի համապատասխանում, արդյոք ոստիկանությունը չի՞ պատրաստվում արձագանքել սրան՝ հերքելով կամ հաստատելով, Ահարոնյանն ասաց, որ ինքն ստիպված է կրկնել նույն պատասխանը: Ահարոնյանին մի քանի հարց ուղղեցինք նաեւ ոստիկանության անցկացրած զորավարժությունների, դրանց նպատակի ու վերջիններիս վերաբերյալ հասարակական ընկալման մասին: Աշոտ Ահարոնյանը զորավարժության անցկացման նպատակի վերաբերյալ մեզ խնդրեց օգտվել պաշտոնական հրապարակումից եւ ոստիկանապետի հայտարարությունից:

— Իսկ որ քաղաքական մոտիվներով երգ է հնչել վարժանքների ժամանակ (ՀՀԿ-ի երգերից), բեմադրված ցույցի մասնակիցներն էլ վանկարկել են. «Լեւո՛ն, Լեւո՛ն», դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Որեւէ քաղաքական մոտիվ չի եղել, երգը չի կարող քաղաքական մոտիվ լինել, այդ վանկարկումներն էլ հատուկ կազմակերպած չեն եղել, ուղղակի «բողոքավորներն» իրենց կողմից այդպես գոռացել են, դա հատուկ սցենարի մաս չի եղել:

— Բայց այդ, «բողոքավորները» ոստիկանության աշխատակիցներ էին, չէ՞:

— Դե հա, բայց ենթագիտակցորեն կրկնել են:

— Այսինքն՝ նախորդ միտինգների տպավորության տա՞կ են այդպես վանկարկել:

— Կարծում եմ: Դա սցենարում նշված հատուկ դրույթ չի եղել՝ հաստատ, ո՛չ երաժշտությունը, ո՛չ վանկարկելը: Զորավարժություններում շատ ավելի հետաքրքիր բաներ կային, որոնց վրա կարելի էր ուշադրություն դարձնել, քան թե Ձեր կողմից նշվածը:

Իսկ որ այս զորավարժություններից այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես ոստիկանությունը վախի մթնոլորտ է ուզում ստեղծել հասարակության շրջանում, որ՝ այ, տեսեք, թե ինչ հզոր ենք, հենց միտինգ անեք, տեսեք ինչ կանենք ձեզ, Աշոտ Ահարոնյանը նախ նկատեց, որ «ոչ թե հզոր, այլ պրոֆեսիոնալ ու պատրաստված», որովհետեւ, ըստ նրա, պատրաստվածությունն ի շահ քաղաքացու է, քանզի որքան ոստիկանը գրագետ ու պրոֆեսիոնալ է, այնքան քաղաքացուն վնաս հասցնելու հավանականությունը քիչ է: Հետո ավելացրեց, որ նույնիսկ վարժանքի ժամանակ հատուկ բարձրախոսով հնչեցվել է. «Երբ անջատվեցին մարդիկ, ովքեր սկսեցին անկարգություններ անել», այսինքն՝ խոսքն այդպիսիների մասին է:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում