տուն Լուրեր Անկախության ուղիներով. 26-ամյա պետությունը՝ տարեկցի աչքերով (տեսանյութ)

Անկախության ուղիներով. 26-ամյա պետությունը՝ տարեկցի աչքերով (տեսանյութ)

89
0

Այսօր Հայաստանը նշում է Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 26-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Հետագա տարիները պետք է դառնային  դժվարությամբ ձեռք բերված անկախությունը պահելու տարիներ: Անկախությունն արժեք է,  որը գնահատել է պետք, անկախությունը յուրաքանչյուր պետության այսօրվա ու վաղվա ապագան է: Երիտասարդ, բայց կայացած պետություն` այսպես են որակում գործող իշխանությունները Հայաստան երկիրը: Անցնող տարիների ընթացքում պետականության կայացման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն բավարա՞ր են  դրանք.  միանշանակ՝  ո´չ: Անկախությունը դե յուրե հաստատած պետությունը այն նախ եւ առաջ պետք է ամրագրի դե ֆակտո: Այս կարծիքին են մայրաքաղաքի բնակիչները:

Անկախության կրող. այսպես է իրեն բնորոշում Ազատուհի Արասխանյանը: Նա եւ Հայաստանի անկախությունը տարեկիցներ են: 26-ամյա Ազատուհին պատմում է,  որ լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան: Ծնողները որոշել էին իրեն այլ անունով կոչել, բայց երբ հանրաքվե անցկացնողները գալիս են հիվանդանոց, Ազատուհու ծնողները «այո» են ասում, ապա  քննարկում, թե ի´նչ անուն տան դստերը՝ Հայաստա՞ն, թե՞ Անկախուհի: Ընդհանուր հայտարարի են գալիս եւ աղջկան կոչում Ազատուհի:

Ծննդյան օրը Ազատուհին նախընտրում է անցկացնել ընկերների շրջապատում: Նախընտրելի վայր էլ ունի, հիմնականում ընտրում է այնպիսի վայրեր, որտեղից մայրաքաղաք Երեւանն ամբողջությամբ երեւում է: Հպարտ է, որ լույս աշխարհ է եկել հենց սեպտեմբերի 21-ին: Բնավորությամբ ազատ է, ասում է` անկախությունը բառերով նկարագրել չի կարող, այն ամեն ոք պետք է իր մեջ կրի:

Սեպտեմբերի 21-ին բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում, ժպիտով ասում է՝ Հայաստան պետությանն ուղղված շնորհավորական խոսքերից իհարկե տարբերվում են: «Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ազատուհին» հարցի պատասխանն արագ է հնչում. «Չդատարկվող երկիր, Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի բնակության երկիրը»:

Անկախության կրողները երիտասարդներն են: Նրանցն է ներկան ու ապագան: Անկախությունը նաեւ գին ունի: Այն վճարել են հերոսները՝ անկախության կերտման ճանապարհին նվիրաբերելով իրենց կյանքը: Հատկապես այսօր իշխանության ներկայացուցիչների կողմից շնորհավորանքների պակաս չի լինի: Վաղուց հերթապահ դարձած մտքերը սպառել են իրենց:

Հայաստանի անկախությունը 26 տարեկան է: Իսկ անկախությունը եւ երկիրը բառերով չեն սիրում:

Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության ազատ ու հպա´րտ քաղաքացի:

Փայլակ Ֆահրադյա