Լրատվամիջոցներում շրջանառվում է այն փաստը, որ «Կասեցում» հասարակական նախաձեռնությունը դադարել է գործել, դա այդպես չէ: Եթե հարկ լինի, մենք նորից դուրս կգանք փողոց և կպայքարենք մեր իրավունքների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախաձեռնության մասնակից Արտակ Խաչատրյանը:
«Ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում «Կասեցում» հասարակական նախաձեռնությունը պատրաստվում է ավելի մեծ բողոքի ակցիաներ իրականացնել և ավելի լուրջ դնել որոշ հարցեր: Այդ թվումˋ մենք կասկածի տակ ենք դնում որոշ մարդկանց պրոֆեսիոնալ գիտելիքներ ունենալու հանգամանքը, և հարկ եղած դեպքում կպահանջենք հրաժարականներ»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով ոսկու մասով «Շրջանառության հարկի մասին» օրենքում առանձին փոփոխություն կատարելու հանգամանքինˋ նախաձեռնության անդամը նշեց, որ ոսկու մասը չպետք է առանձին դիտարկվի այլ առևտրով զբաղվող ՓՄՁ-ներից:
«Ոսկու մասով առանձին փոփոխություններ կատարելը Կառավարության հերթական խորամանկ քայլն է, որը մենք թույլ չենք տա: Կան շատ վաճառողներ, ովքեր իրենց ապրանքը վերավաճառում են և ունեն կայուն հաճախորդներ: Բնական է, որ այս գործարքը թղթով չի արվում, ուստի, այս տեսանկյունից, օրենքը միայն կնպաստի ստվերի աճին»,-նշեց Ա. Խաչատրյանը:
Վերջինս հավելեց, որ ՓՄՁ-ները չեն կարող գործիք դառնալ մեծ և խոշոր ձեռնարկատերերին դաշտ բերելու համար, քանի որ դրանք պետք դաշտ բերվեն վերևից:
Հանդիպման հաջորդ բանախոս, նախաձեռնության անդամ Լևոն Թորոսյանը նկատեց, որ հիմա առևտուրը քաոսային վիճակում է. «Ես կուզեի մի առաջարկություն անել. թող մեր լրատվամիջոցները գան տոնավաճառներ և տեսնեն, թե ինչ վիճակում են գտնվում տոնավաճառները, ինչքան խանութներ են ամեն ամիս փակվում, որովհետև մարդիկ օրերով առևտուր չեն անում: Թող այս ամենը ցուցադրվի , որ Կառավարությունը տեսնի, թե մարդիկ ինչ վիճակի մեջ են, որ վեց ամիսը մեկ օրենք փոխելը ճիշտ չէ»,-նշեց նա:
Արտակ Խաչատրյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը ուշի-ուշով հետևում է Կառավարության քայլերին, և եթե դրա գործողություններում իրենց պահանջները չբավարարող քայլեր նկատեն, ապա մոտ 10 հազար անհատ ձեռներեցներ հրապարակայնորեն կհանձնեն իրենց ԱՁ-ները:
Վարդուհի Ստեփանյան