«Երեւան Մոլի» դիմաց կայանող անհատ տաքսու վարորդները, որոնք այսօր`փետրվարի 24-ի վաղ առավոտից վերսկսել են կանգառի տեղափոխման պահանջով բողոքի ակցիան, սպառնում են փակել Արշակունյաց պողոտան, եթե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չգա եւ իրենց հետ չհանդիպի:
Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողները հորդորում են անհատ տաքսու վարորդներին հեռանալ տարածքից, վերջինները սակայն, անդրդվելի են:
«Ձեր հարցը քաղաքապետարանի հետ է, գնացեք, իրենց ձեր պահանջը ներկայացրեք, մենք ընդամենը տեղեկացնում ենք, որ կայանումը արգելոց նշանի տակ եք կայանել, պետք է հեռանաք: Ի սեր Աստծո ուրիշ տեղ կայանեք»,-անհատ տաքսու վարորդներին դիմեց ՃՈ ծառայողը:
Անհատ տաքսու վարորդ Սերգեյ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հանդիպել են Հենրիկ Նավասարդյանին` կանգառը նախկին տեղում տեղադրելու պահանջով, վերջինը հորդորել է վարորդներին գրություն բերել «Երեւան Մոլի» տնօրինությունից, որ չի առարկում: «Երեւանի Մոլի» տնօրինությունը, սակայն առարկել է:
«Առարկել է, բայց մեր պահանջը քաղաքապետարանից է, Մոլից չի, որովհետեւ Նավասարդյանը ամեն ինչ կարող է: Մենք էստեղին սովորել ենք, 3 տարի է` էստեղ ենք կանգնում, ընտանիք ենք պահում, ու՞ր գնանք»,-ասաց անհատ տաքսու վարորդը: