Երևանի օրվան նվիրված միջոցառումները չեղյալ հայտարարելու եւ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցները սահմանամերձ գյուղերին տրամադրելու քաղաքացիների կոչերին եւ դրանց շուրջ ծավալավող իրադարձություններին եկավ լրացնելու քաղաքապետարանի՝ մի քանի արվետսագետների բնակարան նվիրելու որոշումը: Երկու դեպքում էլ գտնվեցին մարդիկ, ովքեր հասարակության կողմից ենթարկվեցին քննադատության, իհարկե, քննադատությունը, մեղմ է ասված: Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանին խնդրեցինք պարզաբանել՝ ինչի հետ է կապված հասարակության՝ անձնական վիրավորանքներով ուղեկցվող այսքան բուռն արձագանքը:
«Երբ երկիրը խեղված եւ ծռված է, այդ դեպքում կարող է տեղի ունենալ ինչ ուզես: Իրավիճակն այնքան հասկանալի է, որ չեմ էլ ուզում մեկնաբանել. անգրագետներն ու տգետներն են որոշում՝ ում բնակարան տալ, ում՝ չէ»,- նշեց Աշոտ Ադամյանը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հասարակության բուռն արձագանքը, Աշոտ Ադամյանն ասաց. «Բնակչության մի մասը կատաղած է, մի մասը գող ու ավազակ է, մի մասը խռովել է, մի մասի ուղեղն էլ ավլած է: Ակերը պայթած են, ղեկը թույլ է, շարժիչն էլ վատ է աշխատում: Այս խնդիրներն էլ չեն կարգավորվի, քանի դեռ ունենք այսպիսի ապաշնորհ իշխանություններ»: