Աժ պատգամավոր Աղվան Վարդանյանը, հարց ուղղելով կառավարությանn, ասաց, որ
Հունիսին «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունների համաձայն` նոյեմբերի 1-ից պետք է կատարվի դեղերի պարտադիր դրոշմավորում: Ոլորտի կարևոր ընկերություններից մեկի` «Վագա ֆարմ»-ի տնօրենը ամսագրերից մեկում հոդված է հրապարակել, որտեղ փորձում է ապացուցել, որ օրենքի այդ դրույթը չի կարող արդյունավետ լինել, որովհետև ոլորտում ստվերը բավական փոքր է ու չի կրճատվելու: Ապրանքների քանակը միանգամից ֆիքսվում է սահմանին` ֆիննախի ու առողջապահության նախարարության կողմից, այսինքն` լրացուցիչ հաշվառման անհրաժեշտություն չկա: Պետությունը 1 մլն 300 հազ. դրամի լրացուցիչ ծախս է կատարելու` դրոշմապիտակների վճարը փոխհատուցելիս, լրացուցիչ ծախսեր են ունենալու ընկերությունները: Արդյունքում` անպտուղ աշխատանք է արվելու, բյուջե լրացուցիչ մուտքեր չեն լինելու, տուժելու են քաղաքացիները»,- ասաց նա ու նկատեց` աշխարհի ոչ մի երկրում դեղերի դրոշմապիտակների հաշվառում չի կատարվում»:
Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց կառավարությունից, թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են, թե` ոչ:
Պատասխանելով Աղվան Վարդանյանի հարցին` առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ բարձրացված հարցը բազմիցս քննարկվել է առողջապահության նախարարությունում:
«Կառավարությունում ևս քննարկումներ եղել են բարձրացված հարցի շուրջ և հանգեցրել են այն եզրակացության, որ շուկայում առկա անգամ փոքր քանակության կեղծ դեղերը կամ չգրանցված դեղերը կարիք ունեն պարտադիր հսկողության: Եվ այդ առումով` յուրաքանչյուր դեղամիջոց, որը ստեղծվում է ՀՀ-ում կամ ներմուծվում է, վերահսկվում է»,-ասաց նա:
Քանակների վերաբերյալ նախարարը նշեց, որ 43000 դեղամիջոցները, որոնք սպառողին հասնում են 55000 դեղաձև քանակությամբ, ամբողջովին հաշվառվել է և դա բացարձակ չի ազդել դեղի գնի վրա:
Նա նաև ավելացրեց, որ կեղծ դեղորայքի ներմուծման կանխարգելումը յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից մեկն է և մեր երկիրը ևս ընտրել է այս ճանապարհը: