ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն Ընտրական օրենսգրքի հերթական տապալման մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես, ասված է.
«Ընտրական օրենսգրքի մասին:
Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի՞ շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուներին` մեր ցուցակներում ընդգրկվելու համար:
Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել: Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն:
Իսկ մենք ունենք այդ նպատակը: Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»: