ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գործադիրի անդամներից հետաքրքրվեց, թե ինչ աջակցություն են պատրաստվում տրամադրել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր զոհվեցին սահմանին` հայրենիքը պաշտպանելու սուրբ գործի ժամանակ: Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց, թե աջակցություն լինելո՞ւ է արդյոք վիրավոր զինծառայողներին:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ բոլոր հերոսները գտնվում են ուշադրության կենտրոնում: «Ամբողջությամբ մեր ուշադրութան կենտրոնում են: Մարտական գործողությունների ժամանակ գոյություն ունեն անվերադարձ եւ վերադարձող հերոսներ: Վերադարձողները նրանք են, ովքեր ապաքինվում են, եւ վերադառնում են մարտական գործողությունների կատարմանը: Այս օրերին ՀՀ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ եղել են հոսպիտալներում, եւ ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ վիրավորները ապաքինվում են, նրանք պատրաստակամ են գնալ սահման, անգամ անդամահատված ոտքերով ցանկություն ունեն վերադառնալ իրենց ընկերներին»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ բոլորին օգնություն է հատկացվում գոյություն ունեցող օրենսդրական փաթեթի շրջանակներում: Պաշտպանության նախարարը նաեւ տեղեկացրեց, որ զոհված զինվորների հուղարկավորության համար են գումար հատկացնում: Բացի այդ, տարբեր բարերարներ, անհատներ, գործադիրի անդամներ օժանդակություն են ցուցաբերում: