տուն ժամանց Անձնական հավանություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ. Արմեն Ռուստամյանը` վարչապետի մասին

Անձնական հավանություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ. Արմեն Ռուստամյանը` վարչապետի մասին

83
0

Karen

ՀՅԴ-ն պաշտպանել է վարչապետի նշանակումը եւ լիահույս է, որ Կարեն Կարապետյանը կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Կարծում եմ` այդ ամենը պետք  է կատարվի կոնկրետ քայլերի միջոցով, եւ զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով երեկ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ  ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Վարչապետը, հիշեցնենք, նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարարի պարզաբանումից հետո արձագանքել էր՝ չեմ հավատում:

Հարցին` վարչապետի արձագանքն անվստահության դրսևորո՞ւմ  էր Մինասյանի նկատմամբ, Ռուստամյանն ասաց. «Դա հավատալու կամ չհավատալու տեղ չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա: Պետք է ստուգեն, եթե մի բան կա, իսկ եթե չկա, առավել եւս` դրա հավատալը ո՞րն է: Կառավարությունում կոնկրետ գործեր պետք է կատարվեն կամ չկատարվեն»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժն ամբողջությամբ վստահում է Արծվիկ Մինասյանին, ապա հավելեց. «Նա (նկատի ունի Արծվիկ Մինասյանը) գիտի իր համակարգը, եւ եթե վարչապետը չի հավատում, որ նա գիտի` թող համոզվի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը շարունակեց պնդել` ՀՅԴ-ական նախարարները կպահպանեն պորտֆելները:

«Ողբերգություն էլ չպետք է սարքենք, եթե, օրինակ, ինչ-որ հայեցակարգ, որը մենք ենք առաջարկում, չընդունվի նրա կողմից, դա նորմալ է: Քննարկում պետք է լինի հայեցակարգերի միջև. կա էկոնոմիկայի նախարարություն, որը պետք է հստակ պատկերացում, հայեցակարգ ունենա մեր երկրի տնտեսության զարգացման հետ կապված: Եթե մեր նախարարի հայեցակարգը չի համապատասխանում վարչապետի պատկերացումներին, ուրեմն պարոն վարչապետը պետք է այլընտրանք առաջարկի, որոնց համեմատությունից էլ կերևա` ով ինչպես է մտածում»,- բացատրեց Արմեն Ռուստամյանը, ապա հավելեց. «Եթե այդ դեպքում ստեղծվի մի իրավիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս ներկայացված հայեցակարգը, բնականաբար, ինքն իրավունք ունի իրենը պնդելու. ինքն է պատասխանատուն, բայց անձնական հակվածությամբ կամ հավանություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ»:

Շողիկ Գալստյան