տուն Լուրեր Անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չի հետապնդում

Անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չի հետապնդում

94
0

Անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ստեղծումը չէ, և պատգամավորների հնչեցրած մտքերը այդ մասին բացարձակ սխալ են: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի  դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

«Անցումային արդարադատությունը այն գործընթացն է, որն առողջացնում է այնպիսի իրավիճակի հետևանքները, որոնք հենց նոր նկարագրում էինք (նկատի ունի պատգամավորների այն դիտարկումներին, որոնք վերաբերում են ՀՀ-ում խեղված արդարադատությանը)»,- ասաց Վահե Գրիգորյանը, նշելով, որ գոյություն չունի հստակ սահմանում, թե ինչ ասել է անցումային արդարադատություն:

«Անցումային արդարադատությունն ունի մեկ ընդհանրություն, որը ոչ ավանդական միջոցներն են, որոնք գալիս են լրացնելու ավանդական միջոցներին»,- ասաց Գրիգորյանը:

Որպես օրինակ Գրիգորյանը նշեց, որ, օրինակ՝ անցումային դատարանը պետք է որոշի, թե որ դատարանը պետք է քննի Մարտի 1-ի գործը: «Մարտի 1-ի գործը պետք է քննվի առանձին դատարանում, պետք է քննեն այնպիսի դատավորների կողմից, որոնք երբեք այդ գործով որևէ քննություն չեն իրականացրել»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներն արդեն քննել են Մարտի 1-ի գործն և ունեն իրենց կարծիքն այս հարցում:

ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չունի, այլ պետք է ունենա տուժողների իրավունքների պաշտպանության հարցը:

«Երեք գործերով լուծում տալու համար անհրաժեշտ է անցումային արդարադատությունը: Առաջինը Մարտի 1-ի գործն է, երկրորդը՝ իրենց տներից պետական կարիքների անվան տակ տեղահանված մարդկանց հարցն է և երրորդը՝ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարցը»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ այս հարցով հնչեցնում է իր կարծիքը: