տուն Լուրեր Անալոգային հեռարձակումը կդադարեցվի, երբ անապահովներին կբաժանվեն ընդունիչ սարքերը

Անալոգային հեռարձակումը կդադարեցվի, երբ անապահովներին կբաժանվեն ընդունիչ սարքերը

74
0

a39533f5ec943422fee5da_naev_mig

Շուտով Հայաստանում կավարտվի անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանից տեղեկացանք, որ գործընթացի տեխնիկական մասն ավարտված է: Այժմ իրականացվում է թվայնացման գործընթացի եզրափակիչ մասը, որը ենթադրում է սոցիալապես անապահով քաղաքացիներին կցորդ սարքերի տրամադրում.«Հիմա կցորդ սարքերի գործընթացը միջգերատեսչական փուլում է: Մատակարարից ընդունում են իրականացնում: Գործընթացն ավարտելուց հետո, կարճ ժամանակահատվածում սարքերը կհանձնվեն քաղաքացիներին»:

Գրիգոր Ամալյանի հավաստմամբ՝ ընդունիչ սարքերն անապահով ընտանիքներին բաժանելուց անմիջապես հետո  անալոգային հեռարձակումը չի անջատվի.«Երբ այդ սարքերը բաժանված կլինեն և մեզ կտեղեկացնեն, որ արդեն բաժանված են, մենք լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ, կտանք ինչ որ ժամանակ՝ նոր կանջատենք, որպեսզի մեր քաղաքացիների համար կանխատեսելի, հստակ նշված օր լինի»:

Araratnews.am-ի հարցին, թե ե՞րբ բոլոր անապահով ընտանիքները կունենան ընդունիչ սարքեր՝ մեր զրուցակիցը պատասխանեց.«Ես դժավարանում եմ ասել, թե քանի օրում բաշխումը կիրականացվի, որովհետև դա մեր գերատեսչությունը չի անելու: Բայց երբ մեզ տեղեկացնեն, որ այդ բաժանման գործընթացն ավարտվել է,  գոնե տասը օր առաջ մենք կտեղեկացնենք, թե երբ կանջատվի անալոգային հեռարձակումը: Միայն հստակ կարող եմ ասել, որ բավականին սեղմ ժամկետներում դա կիրագործվի»:

Նույն հարցով դիմեցինք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից տեղեկացանք, որ այս շաբաթ արդեն կսկսվի ընդունիչ սարքերի բաշխումը՝ ՀՀ մարզերում:

Հիշեցնենք նաև, որ ոչ բոլոր անապահով ընտանիքներն են ստանալու ընդունիչ սարքեր, միայն նրանք, ովքեր 34.6 և ավելի անապահովության միավորով են հաշվառված:

Նույն նախարարությունից նաև տեղեկացանք, որ 34.6 (անապահովության գնահատման համակարգի քաղաքականություն է) միավոր ունեցող ընտանիքների ընտրությունը պայմանավորված է ներկրվող կցորդների քանակով. միավորը որոշվել է կառավարության կողմից: