Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ լույս է տեսել «Չարլզ. Թագավորի սիրտը» արքայազն Չարլզի կենսագրական գիրքը, որը հեղինակել է The Times պարբերականի լրագրող Քեթրին Մայերը:
Սակայն գրքի հրապարակումից անմիջապես հետո սկսվել են սկանդալները, քանի որ Մայերը մի շարք բացահայտումներ է արել: Պարզվում է, որ Ուելսի արքայազն Չարլզը վստահ չի եղել, որ ինքը պետք է ամուսնանա արքայադուստր Դիանայի հետ, և հարսանիքի նախօրեին նույնիսկ պատրաստ է եղել չեղյալ հայտարարել այն: Չարլզը հարսանիքի նախորդ օրն իր մտերիմներից մեկին ասել է, որ հուսահատության մեջ է, քանի որ չի ցանկանում ամուսնանալ:
Ավելի վաղ, Դիանայի կենսագիրը նույնպես ներկայացրել էր, որ Դիանա Սփենսերը նույնպես չի ցանկացել այդ ամուսնությունը, սակայն արդեն ուշ է եղել, քանի որ հարսանիքը պետք է տեղի ունենար օրեր անց: Քեթրին Մայերը նշում է, որ Դիանան չէր կարող իմանալ, որ Չարլզն ունեցել է նմանատիպ զգացողություն:
Հիշեցնենք, որ Չարլզն ու Դիանան ամուսնացել են 1981 թվականին, սակայն 11 տարի անց նրանք արդեն միասին չէին ապրում, իսկ 1996 թվականին Չարլզն ու Դիանան պաշտոնապես ամուսնալուծվել են: