տուն Լուրեր Ամուլսարի թնջուկ. Գերակա է օրե՞նքը, թե մի խումբ մարդկանց ցանկությունը

Ամուլսարի թնջուկ. Գերակա է օրե՞նքը, թե մի խումբ մարդկանց ցանկությունը

227
0

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, հասարակությանը բաժանել են մի քանի մասերի: Ավելին, այս օրերին տեղի են ունենում ոչ միայն բնապահպանական ցույցեր և բողոքի ակցիաներ, այլ նաև հարցին խառնվել են քաղաքական որոշ ուժեր՝ պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով:

Թեմայի քաղաքական նրբություններին կանդրադառնանք առաջիկայում: Հիմա հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունենում:

Հարց 1-ին: Արդյոք պե՞տք է հանքարդյունաբերություն ընդհանրապես, թե ոչ: Պատասխանը շատ պարզ է ու հստակ. առանց հանքարդյունաբերության աշխարհը չի կարող գոյություն ունենալ: Արվեստ, գիտություն, կրթություն, տեխնիկա, կենցաղ, չկա մի ոլորտ, որտեղ չեն օգտագործվում հանքարդյունաբերության բարիքները: Եթե չլինի հանքարդյունաբերություն, մենք չենք ունենա լույս, մեքենա, վառելիք, համակարգիչ, հեռախոս, գործնականում՝ նյութական ոչինչ: Հարկ է նկատի ունենալ նաև, որ խոսքը վերաբերում է ոչ միայն արդյունաբերական մետաղներին, ինչպիսիք ենք երկաթը, պղինձը և այլն, այլ նաև թանկարժեք մետաղներին, ինչպիսին է, մասնավորապես, ոսկին, որը, պերճանքի առարկա և ֆինանսական ակտիվ լինելուց զատ, լայնորեն օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ:

Քանի որ հանքարդյունաբերոթյունն մերօրյա հասարակության կենսագոյության համար անհրաժեշտություն է, գանք երկրորդ հարցին: Արդյոք Հայաստանին անհրաժե՞շտ է հանքարդյունաբերություն: Կարելի է, իհարկե, պապից ավելի կաթողիկ ձևանալով, բնապահպանական մղումներով (հաճախ՝ ազնվորեն) մերժել ցանկացած գործունեություն, որը ռիսկային է համարվում: Դա կենթադրի հանքարդյունաբերության (և ոչ միայն որևէ կոնկրետ ծրագրի) բացառում մեր երկրում, որտեղ ներկայումս այս ճյուղն ապահովում է արտահանման ամենամեծ ծավալները, և խոշոր մասնակցություն է ունենում ընդրանրապես տնտեսական աճին, պետական բյուջեի ձևավորմանն ու զբաղվածությանը: Բայց եկեք մի պահ կանգ առնենք և ուսումնասիրենք համաշխարհային առաջադեմ փորձը: Որքան էլ տարօրինակ թվա, բնապահպանական տեսանկյունից աշխարհում օրինակելի հանդիսացող երկրները (Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա, Շվեդիա և այլն) բոլորն ունեն նաև ամենազարգացած հանքարդյունաբերություն: Աշխարհի զարգացած գործնականում բոլոր երկրներում հանքարդյունաբերությունը հանդիսանում է տնտեսության հիմնական ու զարգացող ճյուղերից մեկը, կամ առնվազն այդպիսին է հանդիսացել տվյալ երկրի կայացման վճռորոշ փուլում:

Հետևաբար, առաջանում է հաջորդ հարցը՝ ի՞նչն է մեզ խանգարում ունենալ առաջադեմ հանքարդյունաբերություն: Այնպիսին, ինչպիսին ունեն վերը թվարկված երկրները, կամ, ինչու ոչ, նույնիսկ ավելի պատասխանատու: Անկեղծ լինենք: ՀՀ-ում մինչ այս պահը շատ հանքեր շահագործվել են փնթի, ստանդարտների խախտումներով և շատ բնապահպանական ռիսկեր առաջացնելով: Մեր բոլորի խնդիրը պետք է լինի հասնել նրան, որպեսզի հանքարդյունաբերությունը (ինչպես և տնտեսության շատ այլ ճյուղեր) օրինակելի լինեն մյուս երկրների համար:

Իհարկե, տնտեսական (և ոչ միայն) որևէ գործունեություն երաշխավորված չէ վթարներից ու սխալներից, սակայն դրա համար ևս առաջադեմ աշխարհը վաղուց լուծումներ է գտել՝ մասնավորապես պետական ու հանրային մոնիթորինգի ու հսկողության միջոցով: Այն, որ հանքարդյունահանող (տվյալ դեպքում՝ «Լիդիան Արմենիա») ընկերությունն առաջարկում է տեխնոլոգիական լուծումներ, որոնք հաջողությամբ կիրառվում են վերոնշյալ առաջադեմ երկրներում տասնամյակներ ի վեր, դեռևս չի նշանակում, որ երկիրը պետք է կուրորեն հետևի դրան: Բայց այս դեպքում ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում (ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում) գործող միակ ընկերությունը, որը ցուցակված է միջազգային հայտնի բորսայում (իր մայր ընկերության միջոցով, որի միակ ակտիվը, ըստ էության, հայաստանյան դուստր ընկերությունն է), ծրագրին մոտեցել է ներպետական օրենսդրությամբ ու ընթացակարգերով նախատեսված պահանջներից անհամեմատ ավելի խստորեն: Մասնավորապես, ընկերությունը տվյալ ծրագրի բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատումն իրականացրել է այնպիսի խորությամբ ու թափանցիկությամբ, որպիսին կնախանձեին համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ ընկերություններ (էլ չեմ ասում հայաստանյան մյուս հանքարդյունաբերողների մասին): Պատահական չէ, որ ընկերության նախկին և ներկա բաժնետերերի շարքում են հենց բնապահպանական ոլորտում միջազգային ստանդարտներ թելադրող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Միջազգային բորսայում ցուցակված լինելու հանգամանքն ինքնին բավականին խիստ հաշվետվական ու կարգապահական կանոններ է սահմանում ընկերության հանդեպ:

Այդուհանդերձ, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության որոշ հատվածի բարձրաձայնած մտահոգությունները, կառավարությունը գնաց աննախադեպ (ինչ-որ առումով նաև, առնվազն ներդրումային միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, վտանգավոր) քայլի՝ չնայած ներպետական բոլոր ընթացակարգերի պահպանմանը, ընկերությանը պարտադրեց լրացուցիչ փորձաքննության իրականացում: Ընդ որում, այդ գործընթացն արվեց առավելագույնս հրապարակային՝ ինչպես փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրության, այնպես էլ բուն տեխնիկական առաջադրանքի ձևավորման առումով: Այդ ընթացքում թե բնապահպանական ակտիվիստների, թե քաղաքացիական հասարակության այլ շերտերի կողմից գործընթացի վերաբերյալ որևէ էական վերապահում չի բարձրաձայնվել: Առնվազն տարօրինակ է, երբ հիմա, փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո, կասկածի տակ է դրվում կազմակերպության ընտրությունը կամ տեխնիկական առաջադրանքի ամբողջականությունն ու համապատասխանությունը առկա խնդիրներին:

Եթե ՀՀ Սահմանադրությամբ չի արգելվում տնտեսական տվյալ գործունեության տվյալ տեսակը, տնտեսվարող սուբյեկտը օրինական եղանակով ստացել է այդպիսի գործունեություն իրականացնելու թույլտվություն և ներպետական ու միջազգային ընթացակարգերով ապացուցել այդ գործունեության համապատասխանությունը բոլոր կիրառելի ստանդարտներին ու պահանջներին, պետությունը ի՞նչ հիմքով կարող է արգելել տվյալ գործունեության իրականացումը: Մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, թե օրենսդրությունը մի կողմ դնելով և դրա փոխարեն մարդկանց ցանկացած մեծ կամ փոքր խմբի նախապատվություններով առաջնորդվելը ինչպիսի կործանարար ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա: Արդյո՞ք նաև այդպիսի փորձերն իսպառ բացառելն ու օրենքի երկիր կառուցելը չէր նախորդ տարվա թավշյա հեղափոխությամբ մեր երազած երկիր կառուցելու Հայաստանի քաղաքացու ընտրության նպատակը:

Մենք կարող ենք այս իրավիճակից դասեր քաղել և այն ծառայեցնել մեր երկրի ու դրա յուրաքանչյուր քաղաքացու շահերին՝ համաշխարհային առաջադեմ փորձն օր առաջ տեղայնացնելով և ապահովելով, որպեսզի առանց բացառության բոլոր տնտեսվարողները անվերապահ ապահովեն միջազգային առաջադեմ ստանդարտների ու պահանջների պահպանությունը: Դրանով մենք աշխարհին հերթական անգամ ցույց կտանք մեր ազգի միասնականությունն ու վճռական պահերին կառուցողական և ազգանվեր որոշումներ ընդունելու կարողությունը: Այլընտրանքի մասին խոսելն ավելորդ է:

Հայաստանում ստեղծված այս իրավիճակում կան նաև մարդիկ, ովքեր օգտվելով առիթից, սկսում են չհիմնավորված հայտարարություններ անել: Առանց անուններ տալու, մեկ օրինակ բերենք: Քաղաքացին հեղափոխությունից հետո նշանակվում է պաշտոնի, և մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո ազատվում է պաշտոնից: Երբ սկսում են բողոքի ակցիաները, այդ պաշտոնյան վեր է կենում և հայտարարում է, որ կառավարությունն իրեն ամիսներ շարունակ ճնշել է Ամուլսարի հանքի շահագործման հարցով և դրա համար է ինքն ազատվել պաշտոնից: Իսկ հիմա հարց, եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ այն ժամանակ ինքդ չհայտարարեցիր այդ մասին՝ ասելով, որ քեզ ճնշում են, և ինչո՞ւ հրաժարական չտվեցիր և սպասեցիր, որ քեզ ազատեն:  Ձեզ հավատալու համար պետք է մի քիչ սկզբունքային լինեք, պարոնայք:

Որպես վերջաբան: Բոլոր այն ակտիվիստները, ովքեր դեմ են հանքարդյունաբերությանը, ազնիվ լինելու համար պետք է հրաժարվեն մեքենայից, համակարգչից, հեռախոսից, հոսանքից, չկրեն թանկարժեք կամ մետաղական այլ զարդեր: Իսկ երաժիշտ բնապահպանները, ովքեր հեռվից այստեղ «խապրիկ» են ուղարկում, պետք է տարբերակներ փնտրեն հանքարդյունաբերության արգասիքներ չօգտագործող երաժշտական գործիքներով ու տեխնիկայով իրենց արվեստը զարգացնելու մասին: