ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա՝ Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:
Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբերին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից: