Երեկ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի սրահում կայացել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի ճեպազրույցը, որի ժամանակ նա կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի դեպքին։
Նա ասել է, որ երեկվա դրությամբ պետքարտուղարությունը նոր տեղեկություններ չունի այս միջադեպի վերաբերյալ։ «Մենք գիտենք այս դեպքի մասին, և ցավում ենք մարդկանց մահերի համար, որոնք տեղի են ունեցել ուղղաթիռը խոցելու հետևանքով։ Մենք ցավակցություն ենք հայտնում մահացածների և վիրավորների ընտանիքներին։ Այս միջադեպը հերթական անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունն ու պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», — ասել է նա։
Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ տեղեկություն չունի այս միջադեպի հետաքննության վերաբերյալ։