Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչեց ԱՄՆ ևս մեկ նահանգ՝ Հավային: Այս նահանգը 2016 թվականին Ջորջիայից հետո երկրորդն էր, որ ճանաչեց Արցախի անկախությունը, araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Մինչ այդ ԼՂՀ անկախությունը ճանաչել է ևս 6 նահանգ, այսինքն՝ հիմա մենք ունենք բավականին պատկառելի թիվ, և սա իրոք մեծ հաղթանակ է: Սա ցույց է տալիս, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն անխուսափելի է: Սա ամբողջ հայության համար կարևոր իրադարձություն է, որովհետև դա համայն հայության ջանքերի շնորհիվ է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»:
Պարոն Բաբայանի խոսքով՝ այս քայլը անկեղծ հարգանք էր ԼՂՀ ժողովրդավարական պետություն լինելու հանդեպ.«Մենք սա իրոք վաստակել ենք, ոչ թե գնել, ինչն անում է, օրինակ՝ Ադրբեջանը: Սա շատ կարևոր է, որովհետև այս ճանաչումը հիմնված է արժեքների, բարոյականության, մարդասիրության, սկզբունքների վրա»: Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ սա աշխարհագրական առումով նոր տարածաշրջան է, որտեղ Արցախի հանարապետությունը ճանաչվում է, և դա ցույց է տալիս, որ անկախ աշխարհագրությունից՝ Արցախի վարկանիշը բարձր է և Հայաստան-Անրցախ-Սփյուռք եռամիասնության համակարգված աշխատանքները տալիս են իրենց արդյուքները: