ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ցանկացած բռնություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները՝ պատասխանելով հակամարտության հրադադարի խախտման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը:
«Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակը պահպանվում է։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ մենք խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Մարկ Թոները։