ԱՄՆ-ն դեմ է Եվրամիությունում ամերիկացիների համար վիզային ռեժիմ մտցնելուն, սակայն ԱՄՆ-ն պատրաստ չէ ամբողջությամբ ազատ վիզային ռեժիմ ունենալ ԵՄ-ի հետ, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովում ապրիլի 12-ին քննարկվելու է ԱՄՆ-ի և Կանադայի հետ վիզային ռեժիմ հաստատելու հարցը: Այսօր Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի և Լեհաստանի քաղաքացիներին վիզա է անհրաժեշտ ԱՄՆ և Կանադա մուտք գործելու համար, իսկ Եվրամիության մնացած երկրների քաղաքացիներից մուտքի արտոնագիր չի պահանջվում: Իրենց հերթին՝ ամերիկացիներն ու կանադացիները ԵՄ տարածք մուտք են գործում առանց մուտքի արտոնագրերի:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության ԵՄ-ի, ինչպես նաև այն երկրների հետ, որոնց քաղաքացիներից դեռ պահանջվում են վիզաներ:
«Հիմնվելով ԱՄՆ օրենքների վրա՝ մենք կպահանջենք, որ երկրները համապատասխանեն առանց վիզայի մուտքի պահանջներին առանձին: ԱՄՆ-ում այդ հարցը որոշվում է մի շարք չափորոշիչներով, այդ թվում՝ առանձին երկրների օրենսդրությամբ, հանցագործությունների քանակով՝ կապված վիզաների հետ, ինչպես նաև վիզային հարցումների մերժումների տոկոսով»,- պարզաբանել է Թոները: