ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների դեմ մեղադրական դատավճիռները, հայտնում է Ռիա Նովոստին։
«ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի գործով այսօր հրապարակված մեղադրական դատավճիռներով, ովքեր մեղավոր են ճանաչվել իրենց լրագրողական աշխատանքի արդյունքում պետական գաղտնիքների բացահայտման համար»,- հայտնել են Պետքարտուղարությունում։
ԱՄՆ-ը թուրքական իշխանություններին կոչ է անում աջակցություն ցուցաբերել անկախ ԶԼՄ-ներին, ինչը ժողովրդավարական և բաց հասարակության անքակտելի մասն է։ Նշելով, թե որպես Թուրքիայի բարեկամ ու ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից երկիր` ԱՄՆ-ն կոչ է անում հետևել սահմանադրական ու ժողովրդավարության ոլորտում ԵԱՀԿ պարտավորություններին։