Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ՝ Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի մեր թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, ձեզ գրավոր պատասխան տանք:
Հարց.- Խնդրում ենք նշել փեսացու/հարսնացուի վիզա ստանալու ամենակարճ ճանապարհը:
– Վիզայի այս տեսակը կարող է բնութագրվել որպես ոչ ներգաղթային, սակայն գործընթացը գրեթե համընկնում է ներգաղթային վիզայի հետ: Գործընթացում ներգրավվում են երկու գործակալություններ՝ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունն ու ԱՄՆ պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրոն: Ներգաղթային վիզայի գործընթացի համար պահանջվում է բավականաչափ ժամանակ:
Ներգաղթային կամ փեսացու/հարսնացուների վիզայի համար դիմող ԱՄՆ քաղաքացի միջնորդը պետք է նախ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը ներկայացնի ներգաղթային վիզայի համար միջնորդագիր: Ծառայությունն ունի բազմաթիվ կենտրոններ, որոնք քննության են առնում և հաստատում միջնորդագիրը, պահանջում հավելյալ փաստաթղթեր: Ծառայության կայքի համաձայն (uscic.gov) Կալիֆոռնիայի ծառայությունների կենտրոնից պահանջվում է մոտ հինգ ամիս ընթացք տալու փեսացու/հարսնացուի համար ներկայացրած վիզայի միջնորդագրին: Ծառայությունը կարող է արագացնել գործընթացը՝ հիմնվելով միմիայն սահմանված խիստ չափորոշիչների վրա, որոնք են արտակարգ իրավիճակներն ու հումանիտար բնույթի պատճառները: Չափորոշիչներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ծառայության կայքը՝ uscic.gov: Արագացման հայցերն անմիջապես պետք է ուղարկվեն ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն:
Միջնորդությունը հաստատվելու դեպքում այն կուղարկվի Հյուպատոսական ծառայությունների բյուրոյին կից գործող Ազգային վիզայի կենտրոն: Ներգաղթային վիզայի որոշ տեսակների համար՝ ԱՄՆ քաղաքացու քույր/եղբայր կամ ամուսնացած որդի/դուստր, սահմանված է մի քանի տարվա անխուսափելի սպասելաժամանակ՝ հիմնված ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված քվոտաների վրա: Ամերիկայի քաղաքացիների կնոջ/ամուսնու, անչափահաս երեխաների, փեսացու/հարսնացուի համար հաստատված քվոտաներ չկան: Սակայն վիզայի բոլոր տեսակների համար կան պահանջվող փաստաթղթեր, օրինակ՝ միջնորդի կողմից աջակցության տրամադրման երաշխավորագիրը, որը պետք է ներկայացվի Վիզայի ազգային կենտրոն մինչ վերջինիս կողմից ամերիկյան դեսպանատան հետ ներգաղթային հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելը:
Հնարավոր է արտահերթ հարցազրույց կազմակերպել նախքան փաստաթղթերի ստացումը, բայց այսպիսի հարցազրույցները հնարավոր են բացառապես արտակարգ իրավիճակներում: Թույլ տվեք խոստովանել, որ արտահերթ հարցազրույցների հայտերը մեծամասամբ մերժվում են չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Նույնիսկ եթե արտահերթ հարցազրույցը կազմակերպվում է, այն դիմումատուին չի ազատում պարտադիր փաստաթղթերի ներկայացման պահանջից և, հետևաբար, դրանց բացակայության դեպքում ներգաղթային վիզայի գործընթացը կարող է ձգձգվել:
Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական պաշտոնյան հարցնում է դիմումատուի և միջնորդի կապի մասին և ստուգում դիմումատուի համապատասխանելիությունը: Որոշ դեպքերում պահանջվում է գործի հավելյալ քննություն: Գործից գործ քննության ժամկետները տարբերվում են: Խնդրում ենք նկատել, որ եթե գործում պակասում է որևէ փաստաթղթի պատճենը, որի բնօրինակը հյուպատոսական պաշտոնյան արդեն տեսել է, միևնույն է՝ պաշտոնյայից կարող է պահանջվել մի քանի շաբաթ գործը քննելու և դրան ընթացք տալու համար: Մենք աշխատում ենք «առաջինը եկողին առաջինն ենք սպասարկումե սկզբունքով, և սովորաբար ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է: Անհարկի սպասելաժամանակից խուսափելու համար փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել պահանջելուն պես, որպեսզի հարցազրույցի ժամանակ որևէ պակաս փաստաթուղթ չլինի:
Եվ վերջում կցանկանայի նշել, որ ինքս անցել եմ այս ամբողջ գործընթացի միջով իմ տիկնոջ հետ, ով ԱՄՆ քաղաքացի չէր: Եվ քանի որ ես բոլոր փաստաթղթերը ներկայացրել էի պահանջվելուն պես, մեզ հաջողվեց ներգաղթային վիզան ստանալ մեկ տարվա ընթացքում:
Հարց.- Իմ եղբայրն ԱՄՆ քաղաքացի է: Նա դիմում է ներկայացրել իմ ներգաղթի համար: Իմ դեպքում որքա՞ն է սպասելաժամանակը: Կարելի՞ է կրճատել այդ ժամանակը հավելյալ վճարումներ կատարելու միջոցով:
– Ներգաղթային վիզայի երեք հիմնական տեսակ կա, որոնք ունեն իրենց ենթատեսակները: Երեք հիմնական տեսակներն են՝ ընտանիքի, աշխատանքի և բազմազանության վիզաներ, ընդ որում՝ վերջինն ավելի հայտնի է գրին քարտ անվանմամբ: Ես արդեն խոսեցի փեսացու/հարսնացուի վիզայի մասին, որոնք նման են ընտանեկան վիզաներին: Ընտանեկան և աշխատանքային ներգաղթային վիզաների գործընթացը սկսվում է, երբ ընտանիքի ամերիկացի անդամը, այս դեպքում ձեր եղբայրը կամ գործատուն ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի կենտրոն են ներկայացնում միջնորդագիր:
Ձեր դիմումը կդիտարկվի որպես ընտանիքի քույր/եղբայր ներգաղթային արտոնագրի (F4) դիմում: Հարկաբյուջետային տարվա ընթացքում տրամադրվող F4 և ներգաղթային վիզայի այլ տեսակների թիվը սահմանափակ է: Օրինակ՝ տարվա ընթացքում տրամադրվում է F4 տեսակի 65.000 վիզա:
Եթե այս վիզայի համար որակավորված դիմումատուների թիվը գերազանցում է սահմանված թվաքանակը, առաջանում է հերթ: Այս պարագայում, վիզաները տրամադրվում են ժամանակագրական կարգով՝ դիմումներին ընթացք է տրվում միջնորդագիրը ներկայացնելու ամսաթվով ձևավորված հերթականությամբ: Եթե միջնորդագիրը հաստատված է, սակայն վիզաների թիվը չի բավարարում, ապա հարկ կլինի սպասել, որի դեպքում սպասելաժամանակը կարող է տևել մի քանի տարի: Այս պահին մենք ընթացք ենք տալիս մինչև 2004թ. փետրվարի 1-ը ներկայացված միջնորդագրերի հիման վրա տրվող F4 վիզայի դիմումներին: Ներգաղթային վիզայի սպասելաժամանակը կրճատելու ընթացակարգ չկա:
Մանրամասներն՝ այստեղ: