տուն Լուրեր ԱՄՆ կոնգրեսականները դիմել են պետդեպ՝ վերանայելու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

ԱՄՆ կոնգրեսականները դիմել են պետդեպ՝ վերանայելու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

166
0

Ամերիկացի կոնգրեսականներ Ջեկի Սփեյերը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այլ անդամներ նամակով դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին։

Նամակում կոնգրեսականները կոչ են անում վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները եւ դրանք բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակ։

«Ժողովրդավարության տեսանկյունից մենք կոչ ենք անում Ձեզ ընդլայնել ԱՄՆ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ուժեղ քաղաքացիական հասարակության կառուցման գործում, ապահովել ԶԼՄ-ների անկախությունը՝ ստեղծելով աշխատանքային խմբեր բարեփոխումների իրականացման համար»,- ասված է նամակում։

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել նաեւ նպաստել տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացմանը, բացել Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթ, ինչպես նաեւ ավելի խորացնել ամերիկա-հայկական համագործակցությունը ռազմական ոլորտում՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար։

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։