ԱՄՆ իշխանությունները հաստատել են Ալ-Քաիդա տեռորիստական կազմակերպության տարածած տեսանյութի իսկությունը: Տարածված հաղորդագրության մեջ կազմակերպության Յեմենի խմբավորումն իր վրա է վերցրել ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրականի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Սպիտակ տան խոսնակն Ջոշուա Էրնեստը լագրողների հետ զրույցում հայտնել է, որ մասնագետների նախնական զննությունը հաստատել է տեսանյութի իսկությունը:
12 րոպե տևողությամբ հոլովակում Ալ-Քաիդայի Յեմենի թևի առաջնորդ Նասր իբն Ալի ալ-Անսին նշում է, որ Կոաշի եղբայրները կարողացան «հերոսաբար» կատարել իրենց առաջ դրված առաջադրանքը:
Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ այս հայտարարությունը ցույց է տալիս ծայրահեղ իսլամիստական գաղափարներ ունեցող Իսլամական պետության և Ալ-Քաիդայի միջև գոյություն ունեցող մրցակցությունը՝ որպես գլխավոր ուժային բևեռ հանդես գալու համար:
Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: