ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը վերանայել է տնտեսության աճի գնահատականները ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար։ Տարեկան հաշվարկով այն կարող է հասնել 5%-ի։ Այս մասին հաղորդում է RBC-ն։
ԱՄՆ-ի տնտեսության աճը ռեկորդային է՝ սկսած 2003 թվականի երրորդ եռամսյակից։ Այն գերազանցել է փորձագետների բոլոր սպասումները։ Bloomberg-ի կողմից ավանդաբար հարցվող 75 տնտեսագետներ ակնկալում էին, որ տնտեսական աճը չի գերազանցի 4.3%-ը։
Տնտեսական աճի տեմպերով ԱՄՆ-ն գերազանցել է այնպիսի զարգացած երկրներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ճապոնիան։ Նման զարգացումները դրական ազդեցություն կարող են ունենալ տնտեսության հետագա զարգացման վրա։ Դրա աճին հիմնականում նպաստել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործազրկության կրճատումն ու աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև բենզինի գների անկումը։ Բնակչության շրջանում աճում է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ պահանջարկը։ Այս տարի ԱՄՆ-ում ստեղծվել է լրացուցիչ 2.65 մլն աշխատատեղ, իսկ գործազրկությունը նոյեմբեր ամսին կազմել է 5.8 տոկոս։