Ամերիկյան ՌՕՈւ-ը ևս մի քանի հարված է հասցրել Սիրիայի ու Թուրքիայի սահմանամերձ շրջաններում և Իրաքի մայրաքաղաքին մերձակա տարածքում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ԶՈւ-ի կենտրոնական հրամանատարությանը:
Սրանով միջազգային կոալիցիան փորձում է ապահովագել Բաղդադը հարձակումներից, ինչպես նաև կանխել Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Այն էլ Արաբ (քրդական անվանմամբ՝ Քոբանի) քաղաքի անկումը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: