ԱՄՆ-ի բանակը մտադիր է օգտագործել փոքր, էժանագին անօդաչու թռչող սարքեր` հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու նպատակով: Այդ մասին հայտնում է vnews.agency-ը:
«Ամերիկացի զինվորականները մտադիր են Տեխասի «Ոուայթ Սենդ» և «Ֆորտ Բլիս» հրաձգարաններում փորձարկել փոքր անօդաչուներ, որի ընթացքում մի քանի տասնյակ անօդաչուներ կմիավորվեն «պարսով»: Փորձարկումներում մասնավորապես կօգտագործվեն Iris ընկերության 3-D Robotics անօդաչուները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 1000 դոլար է:
Համեմատության համար նշենք, որ RQ-16 Tarantula Hawk-ի գինը 300 հազար դոլար է: Փորձարկումների ժամանակ զինվորականները կսարքավորեն այդ անօդաչուները լրացուցիչ համակարգերով` տեսախցիկներով, մարտկոցներով, պայթուցիկների սիմուլյատորներով»:
Այդ ոչ թանկ սարքերից յուրաքանչյուրը օդում կարող է գտնվել 15 րոպե: Այդ ցուցանիշը նախատեսվում է մեծացնել: Ըստ հաշվարկների՝ անօդաչուների «պարսը» բավականին բարդ կլինի խոցել: Քանի դեռ թշնամին զբաղված կլինի դրանց վրա կրակելով, մի քանի սարքեր կարող են հարվածել նպատակակետին: