Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրաքը նախապատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների՝ Մոսուլ քաղաքը գրավելու համար, որը ներկայումս գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Լլոյդ Օստինը:
Գործողության իրականացման նախնական ժամկետ է համարվում 2015 թվականի հուլիսը:
Նախապատրաստական աշխատանքներն իրենց մեջ ներառում են գործողության մասնակիցների ընտրության և վերապատրաստման փուլը, ինչպես նաև ԻՊ-ին զենք մատակարարող խողովակների հայտնաբերումն ու ընդհատումը:
«Մենք կարող էինք այս գործողությունն իրականացնել միայնակ կամ մեկ այլ դաշնակցի հետ, և դա էականորեն ավելի արագ կստացվեր, բայց իրաքցիները իրենք դա պետք է անեն:
Պլանավորում ենք, որ իրաքյան զորախմբերը իրենք կգլխավորեն Մոսուլի գրավման գործողությունը, իսկ ամերիկյան զինուժի մասնակցության մասին դեռևս հստակ որոշումներ չկան:
Արդեն իսկ համատեղ ուժերով գրոհայիններից ազատագրվել է շուրջ 300 քառակուսի մղոն տարածք և ոչնչացվել ավելի քան 6000 սուննի գրոհային»,- նշել է բարձրաստիճան զինվորականը:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարությունը Մոսուլը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատելու ծրագրերի մասին հայտնել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին՝ ընդգծելով քաղաքի ռազմավարական և խորհրդանշական մեծ նշանակությունը: