ԱՄՆ-ը սպասում է, որ Թուրքիան կակտիվացնի պայքարը «Իսլամական պետության» խմբավորման դեմ այն բանից հետո, երբ հաջողվել է կարգավորվել թուրք գերիների հետ կապված խնդիրը: CNN Turk-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Թուրքիայի ջանքերին՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ պայքարին: Գերիների հետ կապված ճգնաժամի հանգուցալուծումից հետո մենք սպասում ենք, որ նրանք կակտիվացնեն գործողություններն ԻՊ-ի դեմ», — նշել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Միացյալ Նահանգների նախագահի հավաստմամբ՝ խմբավորման դեմ պայքարի համար միավորվել է շուրջ 40 երկիր: