Ամերիկյան ռազմական ղեկավարությունը որևէ տեղեկություն չունի՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման կողմից օդուժի կիրառման հետ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի զինուժի գնդապետ Պատրիկ Ռեյդերը:
Հիշեցնենք, որ նման տեղեկություններ էր տարածել բրիտանական իրավապաշտպան մի կազմակերպություն՝ նշելով, որ ծայրահեղականները Սիրիայի կառավարական ուժերից խլել են ՄիԳ-21 և ՄիԳ-23 մակնիշի 3 ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: