Ռուաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆտը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխության, այլ ներկայիս իշխանությունների քաղաքականության փոփոխման: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք մեր դաշնակիցների հետ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի Ռուսաստանին հնարավորություն տանք փոխելու իր քաղաքականությունը, կրկին սկսել հարգել իր հարևանների սուվերենությունը և դառալ Եվրոպայում և ամբողջ աշխարհում բարգավաճման և խաղաղության ապահովման հարցերով լիիրավ գործընկեր»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, միակարծիք են որ մենք պիտի ծանրակշիռ կերպով պատասխանենք Ուկրաինայում Ռուսաստանի ապօրինի և իրավիճակն էլ ավելի ապակայունացնող գործողություններին: Պատրաստ ենք նման քայլի, եթե անգամ այն վնասի մեր որոշ այլ հետաքրքրություններին»,- հավելել է Թեֆտը:
Դեսպանը նաև հավելել է, որ ԱՄՆ կշարունակի Եվրամիության իր գործընկերների հետ համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ ներդրվող պատժամիջոցները, և այս քաղաքականությունը կշարուանվի այնքան ,մինչև ռուսական իշխանությունները չկատարեն Ուկրաինայի հարցի շուրջ Մինսկի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները: