«Մշակվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»: Օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս նաեւ տեղեկացրել էր, որ օպերայում նախատեսված է կառուցել ռեստորան, շոգեբաղնիք՝ սաունա: Ամիրյանի այս հայտարարությունը հասարակական լուրջ դժգոհության տեղիք տվեց: Նախագծի մասին տեսակետ հայտնեցին նաեւ մտավորականներից շատերը, նշելով, որ դա անթույլատրելի է:
Araratnews.am-ը նախարար Ամիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ պատրաստվում հրաժարվել նախագծից, եւ կամ ինչպե՞ս է, ի վերջո, հասարակությանը համոզելու, որ իրականում դա այլ ենթատեքստ չունի: Ի պատասխան Ամիրյանն ասաց. «Ես արդեն հանգամանալից պատասխանել եմ եւ ապացուցել եմ»: Դիտարկմանը՝ սաունա կառուցելո՞ւ է օպերայում, մշակույթի նախարարը նշեց, որ փաստերը խեղաթյուրում ենք: «Խոսքը վերաբերում է ենթակառուցվածքների նախագծին, որը դեռ պատրաստ չէ: Պատրաստ լինելու դեպքում կհրապարակենք եւ ձեզ էլ կասենք»,- ասաց Ամիրյանը, մեկ անգամ եւս պնդելով, թե խոսքը վերաբերում է ենթակառուցվածքների նախագծին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: