Նոր մանրամասներ են բացահայտվել Միացյալ Նահանգների մի շարք օրենսդիրների նկատմամբ տարվող հետաքննության ընթացքում, որը նպատակաուղղված է ուսումնասիրել Բաքու կատարած նրանց ուղևորության ֆինանսավորման աղբյուրները: Այս մասին նշում է ամերիկյան OpenSecrets Blog լրատվամիջոցը:
ԱՄՆ 10 օրենսդիրներ դեռևս 2013 թվականի գարնանը մասնակցել են Բաքվում կայացած համաժողովին, որտեղ, Washington Post-ի հաղորդմամբ, քննարկվել է Կովկասի և Թուրքիայի տարածքով բնական գազի խողովակաշարերի անցկացման հարցը: Կոնգրեսի էթիկայի գրասենյակի կողմից իրականացված մանրակրկիտ հետաքննությունը պարզել է, որ ուղևորությունը ֆինանսավորել է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությունը (SOCAR): Բացի այդ, ամերիկացի պատգամավորներն իրենց ճանապարհորդության ընթացքում նվիրատվության ձևով ստացել են տասնյակ հազարավոր դոլարներ և թանկարժեք նվերներ:
Ավելի վաղ լրատվական հաղորդումներում նշվել էր, որ օրենսդիրների ուղևորության ծախսերը հոգացել են Տեխասում գործող երկու շահույթ չհետապնդող կազմակերպություններˋ Ամերիկացիների և եվրասիացիների թուրքական խորհուրդը և Ադրբեջանի բարեկամների ասամբլեան (AFAZ), որոնք հարում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական շարժմանը: Հետաքննության արդյունքում միայն նոր պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց հերթին ֆինանսավորվել են Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից: Ընկերության ներկայացուցիչը OpenSecrets Blog-Õ « հետ զրույցում հաստատել է, որ իրենց ընկերությունն է գումար տվել AFAZ-ին:
Օրենսդիրների այցը Բաքու գաղտնի չի եղել: ԱՄՆ օրենսդիրներն իրավունք ունեն ճանապարհորդել կողմնակի հովանավորների հաշվին, բացառությամբ, եթե այդ ուղևորությունները չեն ֆինանսավորում օտար երկրների կառավարությունները կամ լոբբիստական խմբերը: Սակայն, այս պարագայում շահույթ չհետապնդող կազմակերպությունները խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողով՝ այդ կերպ թաքցնելով, որ իրականում ֆինանսավորում են ստացել Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունից:
Օրենսդիրները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել իրենց ուղևորության ֆինանսավորման աղբյուրների մասին: