տուն Լուրեր Ամերիկյան գաղտնազերծումներ Ղարաբաղի հարցով

Ամերիկյան գաղտնազերծումներ Ղարաբաղի հարցով

87
0

Verlutsuciun_26.05.2016

ԱՄՆ-ը բարձրաձայնում է ԼՂ կարգավիճակի, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման, Բաքվի ռազմատենչ քաղաքականության մասին: ԱՄՆ պետդեպարտամենտն օրերս գաղտնազերծել է մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը: Նախ` ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը իր կորուստների թիվը չի թաքցրել, ու հրապարակվել են զոհերի անունները, կարելի է արձանագրել, որ ադրբեջանական կողմն, ուրեմն, ունեցել է 250 զոհ: Քառօրյա պատերազմի մասին խոսելով՝ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարեւոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն: Սա էլ, ըստ էության, Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս հնչեցրած միտքն է, որը Վաշինգտոնը եւս հարկ է համարել ընդգծել: Պետդեպի պաշտոնյաները Վիեննայի հանդիպման նպատակի մասին խոսելիս շեշտադրել են, որ հանդիպման խնդիրն է եղել համոզվել, որ կողմերը հավատարիմ կմնան 1994թ. զինադադարի համաձայնագրին։ Հիշեցնենք. 1994թ. զինադադարի համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, եւ Պետդեպի մակարդակով այս մասին կրկին հիշեցնելը կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դիվանագիտական ապտակ է Ալիեւի համար, որն անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ, որով փորձ էր արել չեղարկել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի եռակողմ համաձայնագիրը: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Պետդեպի ներկայացուցիչն ասում է, որ կարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է` հավելելով, որ նախագահները համաձայն են, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, հայկական կողմը ցանկանում է, որ դա հնարավորինս շուտ կազմակերպվի, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամկետներն ու ձեւերը քննարկման հարց են։ Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է: Ուրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու»։ Այսպիսով, Վաշինգտոնն ընդգծում է, որ լուծման սպասող ամենակարեւոր հարցերից մեկը ԼՂ կարգավիճակը որոշելն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից կամարտահայտությամբ ԼՂ կարգավիճակի հստակեցումը պաշտոնական Բաքվի համար ամենացավոտ թեման է: Ռուսական խաղաղապահների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Պետդեպի ներկայացուցիչը նկատում է, թե կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ, եւ առավելապես կենտրոնանում են վստահության ամրապնդման ջանքերի վրա։ Այնուհետեւ գալով դիտորդների առնչությամբ հարցին՝ ամերիկացի պաշտոնյան ասում է, որ այժմ 6 դիտորդները կարեւոր խնդիր չեն լուծում, եւ անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաեւ ներմուծել գործիքակազմ, որը հնարավորություն կտա ամրագրել, թե ով է զինադադարը խախտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am