Արբանյակային նկարահանման շնորհիվ հնագետները Հյուսիսային Ամերիկայի տարածքում վիկինգների երկրորդ բնակատեղիի հետքեր են հայտնաբերել: Եթե պեղումները հաստատեն բնակատեղիի կարգավիճակը, այդ հայտնագործությունը շատ տասնամյակների ընթացքում մեծագույններից մեկը կլինի, առայժմ գիտնականներին Նոր Աշխարհում վիկինգների միայն մի բնակատեղի է հայտնի, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The New York Times-ին:
Վիկինգների կողմից Ամերիկայի գաղութացման առաջին վկայությունը հայտնաբերել են 1960-ին` Նյուֆաունդլենդ կղզու Լ’Անս-օ-Մեդոուզ վայրում: Հայտնի հնագետ Սառա Պարկակը, որը մասնագիտացած է հնագույն հուշարձանների հայտնաբերման մեջ, 2015-ից սկսել է ուսումնասիրել ատլանտյան առափնյա հատվածի աերոլուսանկարը` Բաֆինյան երկրից մինչեւ Մասաչուսեթս: Հարյուր թեկնածուներից ընտրվել է ամենահետաքրքիրը` «մուգ բիծը»` ուղղանկյուն հետքերով: Այն տեղակայված է Լ’Անս-օ-Մեդոուզից 480 կմ դեպի հարավ, Նյուֆաունդլենդի` հարավ-արեւմտյան ծայրակետում:
Գիտնականները, մագնիտոմետրով զինված, տեղանք են մեկնել: Պեղումներ են արվել, որոնց արդյունքում տորֆային պատեր են հայտնաբերվել (հենց այդպիսիք էին կառուցում վիկինգները), մոխրի, ճահճի հանքանյութի հետքեր եւ կրակից խանձված գլաքար. այդ ամենը ամերիկացիներին անհայտ մետալուրգիայի առկայություն է մատնանշում: Բացի այդ, ռադիոածխածնային անալիզը հաստատել է, որ այդ արտեֆակտները վերաբերում են վիկինգների ժամանակաշրջանին: Պարկակը նախատեսել է 2016-ի ամռանը նոր ուժով շարունակել պեղումները:
Սակայն գիտական հանրությունն առայժմ զգուշավոր թերահավատությամբ է վերաբերվում գտածոյին. ԱՄՆ-ում չափից շատ հայտնագործություններ հետագայում հորինված սենսացիաներ են դուրս եկել: Այսպես, Բրուքլինի տարածքում պեղված վիկինգների XI դարի բնակատեղիից հայտնաբերված արծաթյա մետաղադրամն այնտեղ է հայտնվել առեւտրի շնորհիվ, ոչ թե գաղութարարների անձնական ներկայության:
Վիկինգները հյուսիսամերիկյան տարածքները Վինլանդ են կոչել: Պատմաբանները վիճում են դրա աշխարհագրական տեղադրության հետ կապված: Ոչ բոլորն են համաձայն, որ առաջինը հենց Լ’Անս-օ-Մեդոուզ բնակատեղին է, որտեղ 986-ին ափ էր իջել Լեյֆ Էրիկսոնը: Որոշ պատմաբաններ կարծում են, որ Վինլանդը պիտի ավելի հարավում լինի, իսկ հայտնաբերված բնակատեղին վիկինգների` Ամերիկայում հաստատվելու ավելի ուշ փորձ է: