տուն Լուրեր Ամերիկահայ բժիշկները ժամանել են Հայաստան. Նրանց ընդունել է նախագահը

Ամերիկահայ բժիշկները ժամանել են Հայաստան. Նրանց ընդունել է նախագահը

71
0

13807ՀՀ մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից մեծապես գնահատելի է ամերիկացի բժիշկների գործունեությունը մարզերում։ Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել ՀՀ նախագահի եւ առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն եւ առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաեւ այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել այն առաքելության համար, որով ամերիկացի բժիշկները ժամանել են մեր երկիր՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելուց բացի, նպաստելով նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ՀՀ մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից մեծապես գնահատելի է ամերիկացի բժիշկների գործունեությունը մարզերում՝ ինչպես տեղի բնակչությանն օգտակար լինելու, այնպես էլ մարզերի բուժաշխատողներին իրենց հմտությունները փոխանցելու տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է, որ Միացյալ Նահանգներում զգալի հաջողությունների հասած մեր հայրենակիցներից բացի, պատվիրակության մեջ ընդգրկվել են նաեւ ամերիկացի բժիշկներ, ովքեր հայ գործընկերների կողքին իրենց մեծագույն ջանքն են ներդնում Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակչության առողջության պահպանման ու բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Նախագահը կարեւորել է այս օրերին ձեւավորված կապերի պահպանումը նաեւ առաքելության ավարտից հետո եւ նման այցելություններին պարբերական բնույթ հաղորդելը:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ մեծագույն հպարտությամբ ու սիրով են իրականացնում իրենց աշխատանքը եւ ուրախ կլինեն ապագայում եւս իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու գործին՝ օգտագործելով նաեւ աշխարհագրական հեռավորություններն անտեսող տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: