Ամերիկացի զինծառայող Նաթան Մայքլ Սմիթը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ: Քաղաքացին վիճարկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի որոշման օրինականությունը, գրում է The New York Times պարբերականը:
Ամերիկյան թերթը հիշեցնում է Օբամայի հայտարարությունը, որ իրավասու է ահաբեկիչների դեմ պատերազմ սկսել` հիմք ընդունելով «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մասին փաստաթուղթը, որը հավանության է արժանացել Կոնգրեսի կողմից 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին: Սակայն շատերը կարծում են, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի նախաձեռնած պատերազմը դուրս է Կոնգրեսի ընդունած այդ փաստաթղթի շրջանակից: Այդպես մտածող մարդկանց թվին է պատկանում զինվորական Սմիթը:
«Խնդրում եմ դատարանին ասել նախագահին, որ ռազմական իրավասությունների մասին որոշման համաձայն` Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պատերազմ սկսելու համար նա պարտավոր է Կոնգրեսից ստանալ համապատասխան լիազորություն»,- ասված է զինծառայողի հայցի մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության անդամները ցանկանում են դատի տալ Օբամային իր լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: