Ամերիկացի սենատորները առաջարկել են Իրաքի Նինևիա հովտում քրիստոնեական ինքնավարություն ստեղծել: Այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը:
17 սենատորներ դիմել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով նպաստել ասորիների և Իրաքի քրիստոնեական այլ քրիստոնյաների նկատմամբ բռնությունների դադարեցմանը:
Նշենք, որ 2014թ.-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Նինևիա հովտից շուրջ 200 հազար քրիստոնյա են արտաքսել: Նրանք հիմնականում հաստատվել են Իրաքյան Քրդստանում:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: