Առնական մարդիկ հազվադեպ են բժշկի դիմում. դա է պատճառներից մեկը, որ տղամարդիկ կանանցից քիչ են ապրում: Նման եզրակացության են հանգել Նյու Ջերսիի նահանգի Ռատգերի համալսարանի հոգեբանները:
Հետազոտողները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք առնականության վերաբերյալ ավանդական պատկերացումներ ունեն, հակված են անտեսել առողջական խնդիրները կամ էլ հետաձգել այցելությունը բժշկին, ի տարբերություն կանանց կամ այն տղամարդկանց, որոնք ավելի լայն հայացքներ ունեն: Միաժամանակ նրանք նախընտրում են տղամարդ բժիշկների ծառայությունները` նրանց ավելի բանիմաց համարելով, քան կին բժիշկներին, որոնց չեն պատմում իրենց իրական ինքնազգացողությունը:
Սակայն կին բժիշկների հետ այդ տղամարդիկ ավելի ազնիվ են լինում. գիտնականները համարում են , որ նրանց մոտ դա կարգավիճակի կորստի զգացողություն չի առաջացնում: Հոգեբանները 250 տղամարդու շրջանում առցանց հարցում են կատարել պարզելու առնականության մասին նրանց կարծիքները: Մասնակիցները նաեւ հայտնել են բժշկի սեռի վերաբերյալ իրենց նախընտրությունները: Այնուհետեւ հետազոտողները խոշոր համալսարանից 250 այլ մասնակցի են հավաքել, խնդրել են համանման հարցաթերթիկներ լրացնել, ինչից հետո նրանցից յուրաքանչյուրը զրուցել է բժիշկների հետ` տղամարդու հետ առանձին, կնոջ հետ` առանձին:
Մեկ այլ հետազոտությանը մասնակցել է երկու սեռի մոտ երկու հարյուր ուսանող, ինչպես նաեւ 298 տղամարդ եւ կին, որոնք պատահաբար էին ընտրվել ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունից: Ընդհանուր արդյունքը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք իրենց խիզախ եւ ինքնուրույն են համարում, ավելի հազվադեպ են դիմում բժշկական օգնության, նվազեցնում են իրենց ախտանիշները եւ արդյունքում մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը, հայտնում է Lenta-ն: