տուն Լուրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին

95
0

12-US-doctors-1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկների` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի:

Պրն. Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ այցելած բժիշկների խմբին` ընդգծելով, որ վերջիններս օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին: Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստեց այն, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները:

Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց նրանց պատասխանատու առաքելության ընթացքին:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: