Հունվարի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեց նաև հունվարի 13-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար ասաց. «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը: Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին…»: