տուն Լուրեր Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայող պատգամավորները. «ԱԺ մոնիթորինգ»

Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայող պատգամավորները. «ԱԺ մոնիթորինգ»

100
0

parliament_0

Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը.«Այն վտանգավոր միտումները, որոնց մասին խոսել ենք, շարունակում են պահպանվել, որոշները՝ ավելի խնդրահարույց դրսևորումներ ունենալ: Հիմնական ահազանգը շարունակում է մնալ արտահերթ նստաշրջանների ընթացքում օրենսդրական հիմնական քվեարկությունների կազմակերպման բեռը  արտահերթերի վրա թողնելը: Մենք մեր նախորդ զեկույցում արձանագրել ենք, որ օրենքների մոտ կեսն ընդունվել է արտահերթերի ընթացքում: Այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել՝ արտահերթ նիստերի ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյաների ընթացքում. 112 օրենքից 90-ն ընդունվել է արտահերթերի ընթացքում»:

Լուսինե Վասիլյանի հավաստմամբ՝ ընդունված 18 համաձայնագրերից 14-ը ևս ընդունվել են արտահերթ նիստերի ընթացքում. այդ միջազգային համաձայնագրերի գերակշիռ մասը վարկային համաձայնագրեր են: Նաև արձանագրվել է, որ նստաշրջանի ընթացքում քննարկված որևէ նախագիծ քվերակությամբ չի մերժվել.«Իսկ ընդդիմադիրների հեղինակած նախաձեռնությունները կամ չեն ընդգրկվել օրակարգ, կամ դրանց ընդգրկումը հետաձգվել է, և փոքրամասնությունը որևէ նիստ կամ նստաշրջան չի նախաձեռնել»:

Ինչ վերաբերում է հանձանաժողովներին՝ բանախոսը փաստում է, որ պարտականությունները ոչ բոլոր հանձնաժողովներն են կատարում.«Մենք նաև դիտարկել ենք, թե հանաձնաժողովներն ինչպես են իրացնում կանոնակարգով իրենց տրված հնարավորությունը: Նրանք պարտավոր են ամեն նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ լսում հրավիրել, բայց 12 հանձնաժողովներից 7-ը նստաշրջանի ընթացքում որևէ լսում չի հրավիրել»:

Համաձայն մոնիթորինգի՝ անփոփոխ է մնացել  խորհրդարանում «լուռ պատգամավորների» թիվը: Այս նստաշրջանում 131 պատգամավորներից  67-ը որևէ հարց, ելույթ չի ունեցել և ըստ էության. օրինագծերի քննարկմանը չի մասնակցել:

Նշենք նաև, որ ամենաակտիվ պատգամավորը ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն է եղել, իսկ ամենաշատ բացակայողը՝ Գագիկ Ծառուկյանը:

Ասուլիսի բանախոսներից ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում նախ հաջողություններ մաղթեց ամենաակտիվ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին և «ԱԺ-մոնիթորինգի» շրջանակներում իր վերջին խոսքն ասաց.«Այս խնդիրների համատեքստում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պատգամավոր՝ ընդդիմադիր ,թե իշխանության ներկայացուցիչ, միշտ իմանա, որ իր առաջարկները պետք է մինչև վերջ տանի:  Հաճախ այստեղ արձանագրված խնդիրների մի մասն այն պատճառով է, որ պատգամավորների մի զգալի հատվածը առաջարկությունները ներկայացնում է ուղղակի ներկայացման համար, հանրությանն ավելի հաճելի լինելու համար, բայց ոչ հետևողականորեն. մինչև վերջ գործը տանելու»: